Հայաստանում վերջին շրջանում մեծ տարածում է գտել քոուչինգը։ Այն մեծ ձեռնարկությունների, կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել իր մարդակենտրոն տեխնիկաների շնորհիվ։ Այն հնարավորություն է տալիս խթանել մասնակիցների մտածողությունն ու ստեղծարարությունը՝ հնարավորություն տալով բացահայտել մասնագիտական և անձնային ամբողջ ներուժը, կյանքում և աշխատանքում իրականացնել նշանակալի և իմաստալից փոփոխություններ։
Քոուչինգը կարևորագույն գործիք կարող է դառնալ նաեւ ուսուցիրների համար՝ հնարավորություն տալով բացահայտել եւ բարելավել ինչպես իրենց, այնպես էլ աշակերտների անձնական հմտությունները և կարողությունները։ Այս նպատակով փետրվար ամսից ՀՀ կենտրոնական բանկը ծրագիր է սկսել. տասը քոուչներ այժմ ակտիվորեն զարգացնում են իրենց հմտությունները եւ մշակում հայեցակարգ քոուչինգի տարրերը Հայաստանի հանրակրթական դպրոցներում արդյունավետորեն ներդնելու նպատակով։
Ծրագրի առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով զրուցեցինք ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի եւ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի ղեկավար Արաքս Մանուչարյանի հետ։
- Ինչպե՞ս ծնվեց գաղափարը քոուչինգը դպրոցում ներդնելու եւ ինչո՞ւ հենց ֆինանսական կրթության մասնագետները սկսեցին զբաղվել դրանով։
Արմենուհի Մկրտչյան
- Դեռեւս 2015 թվականից ՀՀ կենտրոնական բանկն ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ մշակվել ու ներդրվել է «Ֆինանսական կրթությունը» դպրոցում ծրագիրը։ Երբ գնահատում էինք ծրագրի արդյունավետությունը, հետազոտությունը ցույց տվեց, որ ուսուցիչներն ավելի հեշտ են յուրացնում ու օգտագործում գիտելիքը, իսկ մեթոդների զարգացման համար ավելի երկար ու մանրակրկիտ աշխատանք է անհրաժեշտ։ Օրինակ՝ ուսուցիչները կարողանում են աշակերտներին պատմել, թե ինչ է խնայողությունը, բայց ոչ բոլորն են աշակերտների հետ վարում այնպիսի քննարկումներ, որոնք նրանց մտածելու տեղիք կտան։ Աշակերտը պետք է ստացած գիտելիքը վերածի գործողության, իսկ դրա համար նրան պետք է անհատական մոտեցում, նրա իսկ ճշմարտության բացահայտում ու հետագա քայլերի մշակում։ Սա բարդ ճանապարհ է։ Բացահայտելով քոուչինգը՝ ֆինանսական կրթության թիմը մտածեց, որ սա կարող է լավ սկիզբ լինել։ Քոուչինգը կարող է մեր ուսուցիչների շրջանում զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կբերեն ֆունդամենտալ փոփոխություններ մեր դպրոցում։
- Ի՞նչ կարող է փոխել քոուչինգը մեր դպրոցներում եւ կրթական համակարգում։
Արաքս Մանուչարյան
- Կրթական ոլորտում աշխատող քոուչները պատմում են, որ իրականում կան քոուչինգային տեխնիկաներ, որոնք վաղուց կիրառվում են մեր ուսուցիչների կողմից, օրինակ՝ հետադարձ պլանավորման գործիքը, երբ նպատակ ենք սահմանում ու քայլերով հետ գալիս ներկա՝ տեսնելու, թե ինչ ունենք հիմա անելու։ Այսպիսի բազմաթիվ տեխնիկաներ կան քոուչինգում, որոնք կարող են օգնել ուսուցիչներին ավելի արդյունավետ դարձնելու դասավանումը, եւ որ ամենակարեւորն է, օգնել աշակերտներին ավելի լավ ճանաչել իրենց եւ հասնել իրենց իսկ սահմանած նպատակներին։ Պատկերացրեք, որ ուսուցիչը աշակերտներին ոչ միայն ուսուցանում է մաթեմատիկա, այլ նաեւ աշակերտի հետ բացահայտում է, թե դա իր հետագա կյանքում ինչպես պետք կգա իրեն։ Այսինքն՝ ոչ թե իր մտքի եղածն ու իր փորձն է ասում աշակերտին, այլ նրա հետ է հասնում դրան, որտեղ մեծ է հենց աշակերտի դերը։ Նա օգնում է աշակերտին կապել իր ներկան ու ապագան այնպես, որ բազմապատկվի սերն ու նվիրումն առարկային, վայելի իր սովորելու րոպեները ու հստակ քայլերով գնա դեպի իր նպատակը։ Հրաշալի է հնչում եւ քոուչինգի հետ նաեւ իրատեսական։ Այլ բառերով ասած՝ քոուչինգը կարող է շատ ավելի արդյունավետ դարձնել կրթությունը։
- Ինչպե՞ս եք պատկերացնում քոուչինգի ներդրումը դպրոցներում։
Արմենուհի Մկրտչյան
- Քոուչինգը հնարավորինս արդյունավետ կերպով դպրոցում ներդնելու ճանապարհը դեռեւս քննարկում ենք ոլորտի փորձագետների հետ, սակայն պատկերացնում ենք, որ որոշ տեխնիկաներ կարող են շատ սահուն ներդրվել դպրոցում։ Օրինակ՝ հանդիպում ենք դեպքերի, երբ ուսուցիչները հարցեր են տալիս աշակերտներին՝ պատասխաններն արդեն ներառված։ Լսած կլինեք նման նախադասություններ՝ աշակերտներ, ինչո՞ւ պետք է սովորենք մաթեմատիկա, որովհետեւ այն մեզ ամեն քայլին հանդիպում է, չէ՞։ Պարզ է, որ աշակերտը կասի՝ այո։ Քոուչինգային մոտեցմամբ դասերի համար կհնչեն բաց հարցեր, աշակերտների հետ եւ իրենց շուրջ կկառուցվի ամբողջ դասը։ Այս տեխնիկաները կարող են օգնել նաեւ հենց ուսուցիչներին, որ նրանք եւս սահմանեն իրենց համար խնդիրներ ու լուծեն դրանք, հասնեն իրենց նպատակներին։ Կարող ենք սկսել ֆինանսական կրթությամբ, քանի որ այն կյանքին շատ մոտ է եւ այստեղ չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կարող է ըստ մարդու փոփոխվել։ Բայց տեխնիկաները կարող են կիրառվել բոլոր առարկաների շրջանակում, որի արդյունքում չենք ունենա վերեւից իջեցված ճշմարտություններ, այլ դրանք կծնվեն աշակերտի ու ուսուցչի արդյունավետ համագործակցության արդյունքում։ Կլինեն իրական կյանքի հետ կապվող ու հետաքրքրությամբ ընկալվող գիտելիքներ, որոնք երկարաժամկետ հատվածում կհիշվեն աշակերտների կողմից ու կվերածվեն գործողությունների։