ICF (International Coaching Federation)-ն աշխարհում ոլորտի ամենահեղինակավոր կառույցն է, որը կարգավորում է քոուչերի, քոուչինգի դպրոցների ու սերտեֆիկացման աշխատանքները։ Դրա անդամ են 80-ից ավել երկրներ։ Հայաստանը ևս այն երկրներից է, որտեղ բացվելու է ICF-ի մասնաճյուղ: Մայիսի 12-ին Երևանում տեղի է ունենալու ICF Հայաստանի հիմնադիր ժողովը, որի ընթացքում կընտրվեն նաև կառավարման մարմնի՝ տնօրենների խորհրդի անդամները։ Ընտրությունների հետ կապված աշխատանքները ղեկավարում է ընտրական հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանը, ով ստորև ներկայացնում է ICF Հայաստանի խորհդրի անդամների ընտրության կարգն ու մանրամասները, ինչպես նաև հայաստանյան մասնաճյուղի գործունեության կառուցվածքը։
ICF Հայաստանի գործունեության սկզբունքներն ու կանոնադրությունը
ICF Armenia-ի Կանոնադրությունը կազմվել է միջազգային լավագույն մոդելների հիման վրա, ապա հաստատվել ICF գլոբալի կողմից։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հիմնադիր ժողովից հետո դիմելու ենք պետական ռեգիստր՝ որպես հասարակական կազմակերպություն գրանցելու համար։
Մայիսի 12-ին տեղի կունենա հիմնադիր ժողովն ու տնօրենների խորհրդի ընտրությունը: ICF Armenia-ի 32 անդամներից յուրաքանչյուրն իր նախընտրած թեկնածուին է առաջադրել։ Այս պահին ունենք 9 թեկնածու։
Ըստ կանոնադրության՝ տնօրենների խորհուրդը կունենա նվազագույնը 5 առավելագույնը՝ 7 անդամ։ Նրանց մի մասն ընտրվելու է 1, մյուսը մասը՝ 2 տարի ժամկետով, որպեսզի հնարավոր լինի անընդհատ նոր ուժեր ներգրավել, թարմ գաղափարներ գեներացնել։ Յուրաքանչյուրը կոորդինացնելու է մեկ ոլորտ, նախագահը կհամակարգի ամբողջ գործունեությունը։ ՀԿ-ն կունենա ֆինանսական, անդամակցության, հավատարմագրման, մարկետինգի եւ հասարակայնությաննրության հետ կապերի, միջոցառումների կազմակերպման հարցերով տնօրեններ։ Յուրաքանչյուրի ղեկավարությամբ կձևավորվեն կոմիտեներ, որոնց միջոցով ՀԿ-ն կիրականացնի իր գործունեությունը։ Այնպես ենք առանձնացրել ոլորտները, որ թիմը կարողանա հասարակության լայն շրջանակներ ներգրավել։
Տնօրենների ընտրության կարգը և ICF Armenia-ի գործունեության սկզբունքները
Տնօրենների թեկնածուները նախևառաջ պետք է լինեն ֆեդերացիայի անդամ, ծանոթ լինեն քոուչինգին, կիսեն քոուչինգի գաղափարները, պատրաստակամություն ունենան իրենց ներդրումն ունենալ քոուչինգի զարգացման գործում։ Կարևոր է նաև փորձառությունը տվյալ ոլորտում, օրինակ, ֆինանսական կամ հանրային կապեր։
Հայաստանում ICF մասնաճյուղի բացման և ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանում
Այսօր Հայաստանում նկատում ենք , որ քոուչինգի նկատմամբ հետաքրքրությունը շատ արագ է մեծանում թե՛ բիզնես միջավայրում, թե՛ կրթական, թե՛ գիտության ու թե՛ այլ բնագավառներում։ ICF -ի մասնաճյուղը հասարակական կազմակերպություն է լինելու, բայց բոլոր անդամներն իրենց հեղինակությամբ, աշխատանքով ու ներդրած ջանքերով պետք է մեծ ազդեցություն ունենան Հայաստանում քոուչինգի ինստիտուտի կայացման ու տարածման գործում։ Քոուչնգի նման մակարդակով մեկնարկը կօգնի, որ ոլորտն ամուր հիմքերի վրա դրվի և բնագավառը զարգանահամակարգված ու կանոնակարգված։
Քոուչինգը կիրառելի է բոլոր այն բնագավառներում, որտեղ գործ ունեն մարդկանց հետ՝ դպրոցից սկսած մինչեւ մեծ կորպորացիաներ, որտեղ անձնակազմի հետ տարվող գրագետ աշխատանքը մեծ օգուտներ է բերում ընկերությանը։ Քոուչինգի շնորհիվ մարդիկ թե՛ իրենց անձնական կյանքում, թե՛ աշխատանքում ավելի արդյունավետ են դառնում։ Միջազգային կառույցների օրինակով Հայաստանում արդեն բազմաթիվ կազմակերպություններ իրենց աշխատակազմում ներգրավում են քոուչերի կամ իրենց աշխատակիցներին գործուղում են քոուչինգ սվորելու, որպեսզի նրանց օգնությամբ մեծացնեն ընկերությունների արդյունավետությունը։
Այսպիսի կառույցի ներկայացուցչությունը ունենալը Հայաստանում արդեն իսկ վկայում է բարձր նշաձողի և երկրում ևս մեկ կարևոր ոլորտի զարգացման հիմքերը դնելու մասին։